Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպական շաբաթը Հայաստանում ավարտվեց

Եվրոպական շաբաթը Հայաստանում ավարտվեց
23.03.2015 | 20:21

Որ եվրոպական շաբաթը Հայաստանում բացառապես արտաքին քաղաքական ուղղվածություն ունի և արտոնված է միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, անցյալ շաբաթ էլ պարզ էր, բայց այս երկուշաբթի ապացուցվեց՝ Ազգային ժողովը 42 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԱԺ օրակարգում ընդգրկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը՝ հունվարի 12 - ին Գյումրիի սպանդի վերաբերյալ: ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: Հայտարարութան նախագիծը, որ ուրբաթ օրը դրական եզրակացություն չէր ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, պահանջում էր, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնվի հայ իրավապահներին և ԱԺ-ն քաղաքական գնահատական տա ոճրագործությանը: Փաստորեն, չընդգրկելով հայտարարության նախագիծը ԱԺ օրակարգում, պատգամավորները համաձայնեցին, որ Պերմյակովը չհանձնվի հայ իրավապահներին և չտվեցին քաղաքական գնահատական ոճրագործությանը, որ համախումբ ու առանձին-առանձին դատապարտում էին հունվարին:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց նախագիծը հետաձգել, քանի որ միջպետական համաձայնագրերի հետ հակասություններ կան, բայց ասաց, որ եթե չհետաձգվի, ԲՀԿ-ն կողմ է ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելուն:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ևս հետաձգման կոչ արեց՝ նորից ուսումնասիրելու համար: Նա չէր ուզում, որ ԱԺ-ն ձեռքերը ծալած նստի ու սպասի, և կարծում էր, որ որպես քաղաքական մարմին իր դիրքորոշումը պիտի հայտարարությամբ արտահայտի:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ հարցադրումը թերի է իրավաբանական հիմնավորվածության առումով, այնուամենայնիվ ՀԱԿ-ը կողմ է օրակարգում ընդգրկելուն:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ևս առաջարկեց հետաձգել, բայց ասաց, որ կողմ են նախագծին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ սպանությունից անմիջապես հետո հայտարարվեց, թե ԱԺ-ում հարցը պետք է քննարկվի, բայց քննարկում չեղավ: «Սա այն հարցն է, որ ԱԺ-ն պետք է միասնական քվեարկությամբ օրակարգ ընդունի»,- կոչ արեց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցը բացառապես իրավական հարթության մեջ համարեց և հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի ցանկանում միջամտել իրավապահ մարմինների գործին, նաև «Ցանկություն չունենք մասնակից դառնալ անիրավի քաղաքական շահարկումներին, և կոչ եմ անում նաև իմ գործընկերներին, որ, նման ողբերգության հետ կապված, ձեռնպահ մնան քաղաքական շահարկումներից։ ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»:
Զարուհի Փոստանջյանը չհետաձգեց հարցի քվեարկությունը, և հարցը օրակարգ չմտավ, եթե նույնիսկ հետաձգեր էլ հարցը, միևնույն է, ԱԺ օրակարգ չէր մտնելու ու չէր քննարկվելու՝ սա սակրալ թեմա է, որ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք չի կարելի վտանգել ոչ մի պարագայում: Բացարձակապես անիմաստ են հորդորները, որ հարցը չպետք է քաղաքականացնել, հարցն ի սկզբանե չի եղել իրավական հարթությունում և քաղաքականացվել է առաջին պահից, լուծումները ևս իրավական հարթության մեջ չեն տրվելու՝ այդպես լինում է իրավական պետություններում: Ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը ժողովրդավարության մակարդակով պատրաստ չեն իրավական հարցերի իրավական պատասխաններին, շատ ավելի հեշտ ու անվտանգ են քաղաքական լուծումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն չտապալեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության նախագծի ընդգրկումը ԱԺ օրակարգում, տապալեց Գյումրին, որ հունվար-փետրվարին փողոց էր դուրս գալիս, իսկ մարտին արդեն տանն է սպասում իրադարձությունների զարգացմանը: Տապալեց Երևանը, որ իրատեսորեն գերադասում է այլ խնդիրներով զբաղվել և տարածության վրա հետևել քաղաքական ու իրավական անցուդարձին, որ համարյա համաձայն է արդարության պահանջը շահարկում որակելուն: Տապալեցինք մենք բոլորս, որ ընդունել ենք ՌԴ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Դիտվել է՝ 813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ